Հայաստան. հղի կանանց մեծամասնությունը գերադասում է չպատվաստվել

Դիմադրությունը շարունակվում է, չնայած մի շարք հետազոտությունների արդյունքների, ըստ որոնց՝ պատվաստումը պաշտպանում է ինչպես ապագա մայրերին, այնպես էլ նրանց երեխաներին:

Հայաստան. հղի կանանց մեծամասնությունը գերադասում է չպատվաստվել

Դիմադրությունը շարունակվում է, չնայած մի շարք հետազոտությունների արդյունքների, ըստ որոնց՝ պատվաստումը պաշտպանում է ինչպես ապագա մայրերին, այնպես էլ նրանց երեխաներին:

Calls from the scientific community for pregnant women to get vaccinated have increased in recent months.
Calls from the scientific community for pregnant women to get vaccinated have increased in recent months. © Arteida MjESHTRI/Unsplash
Wednesday, 19 January, 2022

Լիլիա Ճանճապանյանն արդեն իսկ թերահավատորեն էր վերաբերվում Covid-19-ի պատվաստանյութերին, երբ նրա տասը շաբաթական հղի ընկերուհին կորցրեց երեխային պատվաստումը ստանալուց անմիջապես հետո։ Ինքն էլ՝ իր առաջնեկով հղի լինելով, որոշել է, որ պատվաստվելը բացառվում է։

«Ոչ մի ապացույց չկա, որ նա կորցրել է իր երեխային պատվաստման պատճառով, բայց, իմ կարծիքով, դա է եղել պատճառը: Չստացա պատվաստում, քանի որ վստահություն չունեմ»,- ասում է կրթության 26-ամյա մասնագետը: Ի վերջո նա վարակվել է, և վերականգնվելու համար երկար ժամանակ է պահանջվել: Բայց Ճանճապանյանն ասում է, որ չի զղջում, քանի որ շարունակում է կարծել, որ բավարար ապացույցներ չկան, թե Covid-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են հղիության ընթացքում:

Վերջին ամիսներին ամբողջ աշխարհում ավելացել են գիտական համայնքի կողմից հղի կանանց ուղղված պատվաստվելու կոչերը։ Իմունոլոգները զգուշացնում են, որ վիրուսով վարակվելու հետևանքները կարող են ծայրահեղ ծանր լինել։ Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության՝ համաճարակի սկզբից Հայաստանում 8 հղի կին է մահացել Covid-19-ի բարդացումներից։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ Covid-19-ով վարակվելու դեպքում չպատվաստված հղի կանանց համար հիվանդության ծանր ընթացքի վտանգը մեծ է․ երկուսից երեք անգամ աճում է հնարավոր բարդացումների՝ ներառյալ վաղաժամ ծննդաբերության և պտղի ներարգանդային աճի դանդաղման և շուրջ երեք անգամ՝ մեռելածնության հավանականությունը:

2020 թվականի վերջին՝ պատվաստանյութի հաստատման վաղ փուլերում, հղի կանանց շրջանում կլինիկական փորձարկումներ չեն եղել։ Պատվաստման անվտանգության մասին հակասական տեղեկատվությունն էլ, հնարավոր է, իր հերթին, նպաստել է առանց այն էլ զգուշավոր խմբի անվստահության ամրապնդմանը: Երբ կառավարությունը հոկտեմբերին պատվաստումը պարտադիր դարձրեց պետական բոլոր աշխատողների և մասնավոր ձեռնարկությունների մեծ մասի համար, հայտարարվեց, որ բացառություն են կազմում հղի կանայք և փաստարկված բժշկական հակացուցում ունեցող քաղաքացիները:

«Ավելի վաղ համարվում էր, որ պատվաստումը ցուցված չէ հղի կանանց, հիմա հակառակ կարծիքն է գերիշխում… Նրանց խորհուրդ է տրվում պատվաստվել»,- ասում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգիական վիրաբուժության բաժանմունքի վարիչ Վահե Տեր-Մինասյանը։ «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թեև նրանք կարող են վարակվել Covid-ով, սակայն ախտանիշները պակաս ծանր են… նրանք կարող են խուսափել մի շարք բարդություններից, այդ թվում՝ պտղի համար»:

Նա ասում է, որ 2021 թվականին Հայաստանում մայրական մահացության հիմնական պատճառը վիրուսն է։

Ամբողջ Հայաստանում պատվաստանյութերի հանդեպ թերահավատության բարձր մակարդակ կա։ Կառավարությունը պատվաստումների քարոզարշավը սկսել է 2021 թվականի գարնանը. 2022 թվականի հունվարի 9-ի դրությամբ ամբողջությամբ պատվաստված է եղել բնակչության միայն 25 տոկոսը։

Աշխատող քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, պետք է յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19 ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ ներկայացնեն, սակայն մեկ ՊՇՌ հետազոտության արժեքը կազմում է շուրջ 15000 ՀՀ դրամ (30 ԱՄՆ դոլար)՝ երկրի ամսական նվազագույն աշխատավարձի մոտ մեկ քառորդը։ Ներկայումս երկրում հասանելի է չորս պատվաստանյութ՝ ռուսական Sputnik V-ը, չինական CoronaVac-ը և Sinopharm-ը, բրիտանա-շվեդական AstraZeneca-ն և ամերիկյան Moderna-ն,[1]  կառավարությունը հայտարարել է նաև 2,5 միլիոն դոլարով Pfizer-ի գնման մասին:

Շուշան Շահինյանը նույնպես որոշել է հղիության ընթացքում չպատվաստվել, թեև մայրը բժիշկ է, և ինքն էլ տեղյակ է եղել չպատվաստված հղիների մահացության մասին։

Թեև վարակվել է Covid-19-ով, երբ 11 շաբաթական հղի էր և երկկողմանի թոքաբորբ է տարել, երկու երեխաների 32-ամյա մայրը նույնպես չի զղջում․ վստահ է, որ իր որոշումը ճիշտ է եղել:

«Միևնույն է՝ այդ ռիսկին չէի գնա. նույն կասկածներն ունեմ դրա վերաբերյալ…. Ես մնացի տանը՝ մորս հսկողության տակ»,- ասում է նա։ «Առողջացա, երեխան էլ ծնվեց առողջ, առանց որևէ բարդությունների։ Ծննդաբերության ժամանակ բժիշկներն ասացին, որ լորձաթաղանթի հաստությունից կարողացել են եզրակացնել, որ Covid ունեմ»,- ասում է նա։

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի մանկաբարձության բաժանմունքի ղեկավար Վրույր Գրիգորյանը բոլոր հղի կանանց խորհուրդ է տալիս պատվաստվել։ Գինեկոլոգը շեշտում է, որ պատվաստանյութը ոչ միայն մորն է պաշտպանում․ հակամարմինները փոխանցվում են պտղին՝ երեխայի համար  ձևավորելով որոշակի իմունիտետ կորոնավիրուսի նկատմամբ։

«Հղիների շրջանում մահեր կան… քանի որ մենք դրա դեմ զենք ունենք՝ պատվաստանյութը, պետք է այն օգտագործենք։ Բարդությունները կարող են ավելի լուրջ լինել, եթե վարակվի չպատվաստված հղի կինը. նրա մոտ ավելի հավանական է հիպերտոնիկ հիվանդությունների զարգացումը, ավելին` վաղաժամ ծննդաբերության վտանգ կա»,- պարզաբանում է Գրիգորյանը:

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, Առողջապահության ազգային ինստիտուտի գինեկոլոգիայի և մանկաբարձության ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանը համաձայն է. նա հրաժարվում էր իր կլինիկայում ընդունել չպատվաստված կանանց, որոնք դիմում են արտամարմնային բեղմնավորման:

«Մի կին կար, ով որդուն կորցրել էր [2008թ․] պատերազմում և նորից հղիացավ արտամարմնային բեղմնավորմամբ։ Նա վարակվեց Covid-19-ով հղիության հինգերորդ ամսում, և պտուղը մահացավ արգանդում։ Մեկ այլ կին, ով տարիներ շարունակ փորձում էր հղիանալ և ծախսատար ու դժվարին բուժում էր անցել, սակայն արտամարմնային բեղմնավորման  նրա պրոցեդուրան նրա համար չեղարկվեց, քանի որ նա վարակվեց Covid-19-ով, ուստի ամեն ինչ՝ իր բոլոր ջանքերը, գումարը, դեղամիջոցներն ու ժամանակը, ի չիք դարձան»,- ասում է Համբարձումյանը Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտին:

Որոշ բժիշկներ, սակայն, շարունակում են կասկածի տակ առնել հղի կանանց պատվաստման նպատակահարմարությունը։

«Անընդունելի եմ համարում հղիների պատվաստումը, դա կարող է հանգեցնել վիժումների։ Նման դեպքեր արդեն եղել են տարբեր երկրներում»,- ասում է թոշակառու բժիշկ, ՄԻԱՎ-ի կանխարգելման երեւանյան կենտրոնի նախկին ղեկավար Սամվել Գրիգորյանը։

Նա հավելում է, որ ռուսական արտադրության Sputnik V պատվաստանյութի ցուցումներում նշվում է, որ այն նախատեսված չէ ապագա կամ կրծքով կերակրող մայրերի համար։

Պատվաստումների հարցում հակասական կարծիքները նոր չեն, սակայն սոցիալական ցանցերում և տեղական հեռուստաընկերություններում հակապատվաստման քարոզի տարածումը խորապես ազդել է հասարակական կարծիքի վրա: Դավադրության տեսություններ առաջ քաշող ժամանակավոր էջերը և խմբերը սնկի պես աճել են, դրանց աջակցում են վստահելի ոլորտների մասնագետները, այդ թվում՝ բժիշկներ և քահանաներ, որոնց հակապատվաստման կոչերով հայտարարությունները հակասում են Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնական դիրքորոշմանը:

Հայաստանի կառավարությունը փորձում է զսպել առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ապատեղեկատվության տարածումը։ Անցյալ տարվա նոյեմբերին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ մի շարք բժիշկներ ազատվել են աշխատանքից հակապատվաստման քարոզչության համար։

«Նրանք շատ չեն, սակայն, չնայած իրենց փոքր թվին, ակտիվորեն պայքարում են պատվաստումների դեմ… Մենք ուշադիր հետևում ենք և ակտիվորեն աշխատում ենք բժշկական կենտրոնների հետ՝ հասկանալու համար, թե արդյոք բժիշկները, որոնց հրապարակային հռետորաբանությունը հակասում է իրենց մասնագիտական ​​պարտականություններին, իրավունք ունեն պահպանել իրենց աշխատանքը»,  ասում է նա։

Նախարարությունը քննարկում է հանձնաժողովի ստեղծման հարցը, որը պետք է մշտադիտարկի այդ գործունեությունը և լիազորված կլինի, ի վերջո, չեղյալ համարել հակապատվաստումային քարոզչությամբ զբաղվող բժիշկների լիցենզիան:

Տեր-Մինասյանի համախոհ բժիշկները պաշտպանում են առաջարկը՝ նաև կոչ անելով, որպեսզի հիվանդանոցները փոխհատուցեն այն ընտանիքներին, որոնք հետևել են հակապատվաստումային խորհուրդներին:

«Այն բժիշկները, ովքեր տեղյակ են իրավիճակին և դեռ պնդում են, որ պատվաստումը վատ է և հորդորում են իրենց հիվանդներին չպատվաստել, նպաստում են մահացության մակարդակի բարձրացմանը»,- ասում է Տեր-Մինասյանը, «Իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն նրանց բժշկական լիցենզիայից զրկելու ուղղությամբ»։

Նյութը նախապատրաստվել է «Amplify, Verify, Engage (AVE)» նախագծի շրջանակում, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

This publication was prepared under the "Amplify, Verify, Engage (AVE) Project" implemented with the financial support of the Ministry of Foreign Affairs, Norway.

Frontline Updates
Support local journalists